«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Աստվածամայրը բոլոր քրիստոնյաներիս մայրն է

Աստվածամայրը բոլոր քրիստոնյաներիս մայրն է
13.04.2025 | 18:44

(սկիզբը` այստեղ)

«ԱՍՏԾՈ ԿԱՄՔԻ ԳԵՐԱԿԱՆ Է ՄԵԾ՝

ՄԵՐՁԱՎՈՐԻ ՍԻՐՈՒՑ»- խրատում է Հիսուս

«Ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր, եւ քո՛ւյր, եւ մա՛յր» (Մատթեոս 12:46-50), խոսքով՝ Աստծո Եկեղեցի՛ն է հաստատվում որպես Հոգեւոր ընտանիք:

«Մինչ Հիսուս դեռ խոսքն ուղղում էր բազմությանը, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնած էին դրսում եւ ուզում էին խոսել նրա հետ: Եվ մեկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են եւ ուզում են քեզ հետ խոսել»:

Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ ովքե՞ր են իմ եղբայրները»: Եվ իր ձեռքը երկարելով դեպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը եւ իմ եղբայրները. որովհետեւ ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր, եւ քո՛ւյր, եւ մա՛յր» (Մատթեոս 12:46-50):

Կամ. «Պետրոսն սկսեց նրան ասել. «Ահավասիկ մենք թողել ենք ամեն բան եւ եկել ենք քո հետեւից»: Հիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարի՛տ եմ ասում ձեզ, չկա՛ մեկը, որ թողած լինի տուն կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Ավետարանի համար եւ այժմ, այս ժամանակի մեջ հարյուրապատիկը չստանա՝ տնե՛ր եւ եղբայրնե՛ր, եւ քույրե՛ր, եւ մայրե՛ր, եւ որդինե՛ր, եւ ագարակնե՛ր՝ հալածանքնե՛ր կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ հավիտենական կյանք» (Մարկոս 10:28-30):

Այս ամենը եւ էլի նման շատ խորհուրդներ կան Ավետարանում, ուսուցանում են մեզ, թե՝ երկնքի թագավորության խնդիրները առավե՛լ են, անփոխարինելի՛, գերակա, քան ընտանեկանը, քան մերձավորների սերը: Քանի որ առաջին պատվիրանը «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո անձից առավելն» է, իսկ երկրորդը «Սիրի՛ր քո ընկերոջը (մերձավորին), ինչպես քո անձն ես սիրում»: Եվ այս համընդհանուր ուսուցումը Աստծո Կամքի ու Ավետարանի գերակա նպատակներից է եւ ո՛չ թե արհամարհանք մոր ու եղբայրների, մերձավորների սիրո հանդեպ: Երբ այդ պահին Տիրոջ մարմնավոր մերձավորները Առաջին պատվիրանի. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո անձից առավել»-ի մեջ չէին. այլ՝ մերձավորին ընտանեկան խնդրով այցելողներ, իսկ Հիսուսի շուրջ հավաքված խումբը այդ պահին Աստծո գերակա Կամքի կատարման մեջ էր, քանի որ Նրա Խոսքն էր լսում՝ փրկության եւ երկնքի արքայությանը արժանանալու համար:

Պատվիրանն ասում է. «Հարգի՛ր քո հորը եւ քո մորը, որպեսզի երկա՛ր ապրես», իսկ Հիսուս ՄԻԱԿՆ ԷՐ, որ ողջ օրենքը լավագույնս պահեց, բնականաբար, լավագույնս պահեց նաեւ՝ ծնողների՛ն հարգելու օրենքը: Իսկ «Ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր, եւ քո՛ւյր, եւ մա՛յր» խոսքով՝ Աստծո կամքի գերական ըմբռնելու խնդրի ուսուցումն է քրիստոնյաներիս: Նախ Աստծո՛ Կամքի կատարումը, որով է արքայության դուռը բացվում մեր ամենքի առաջ, ապա մերձավորի սերը, որ Աստծո Կամքի կատարման մեջ լինելով է, որ դառնում է օրհնյալ: Եվ այս խնդիրը ամենքիս էր վերաբերվում, այլ՝ անգամ Իրեն՝ Հիսուսին է վերաբերվում, որ մի շարք տեղերում իր oրինակումով խրատում է մեզ. ԵՍ Ո՞Չ ԹԵ ԻՄ ԿԱՄՔՆ ԵՄ ԿԱՏԱՐՈՒՄ, ԱՅԼ ԻՄ ՀՈՐ:

Ավելին.

«Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ, ինչպես լսում եմ Հորից՝ դատում եմ, եւ իմ դատաստանը արդար է, որովհետեւ ոչ թե իմ կամքն եմ որոնում, այլ Նրա կամքը, Ով ինձ առաքեց»:

(Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 5:30):

Այս ամենը առավել լավ պատկերացնելու համար Տիրոջ խոսքից հիշենք այն երիտասարդին, ով ասում է. «Հայրս մահացել է, գնամ թաղեմ, ապա կգամ քո ետեւից»: Եվ Տերը պատասխանում է. «Թող մեռելնե՛րը թաղեն իրենց մեռելին, դու ա՛յժմ արի իմ ետեւից»: Ղուկասի Ավետարանում այս դրվագը առավել է հստակ հասկանալի. «Հիսուս նրան ասաց. «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա- քարոզի՛ր Աստծու արքայությունը»: Խնդիրն այն է, որ մեռած հորը ոչ մի բանով չէր կարող օգնել այս երիտասարդը, իսկ Տիրոջ կողքին աստվածապաշտ դառնալով՝ մեծապես կարող էր օգնել հորը՝ նրա մահի՛ց հետո էլ՝ ըստ Քրիստոսի տված ուսուցումների, ով Աստծո Հարությամբ դուռ բացեց ննջեցյալներին օգնելու եւ որը Մայր առաքելական եկեղեցում գործում ու ներգործում է ննջեցյալների կարգով՝ յուրաքանչյուր տաղավար տոնից հետո: Եվ այս երիտասարդը կեղծ հայրասեր պիտի լիներ, եթե մարդկային ավանդապահությամբ վազեր իր հորը թաղելու, եւ գուցե ետ չգար էլ, իսկ Հիսուս Քրիստոսի պատվերը «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա-քարոզի՛ր Աստծու արքայությունը» կատարելով, պիտի կարողանար ճշմարիտ օգնել իր հորը նրա մահից հետո էլ: Բանն այն է, որ ըստ Աստծո օրենքի ծնողների հոգիները սերտ կապված են զավակներին, եւ զավակները չորս եւ ավելի սերունդ պատասխանատու են մնում ծնողների մեղքերի համար: Սակայն, երբ զավակները ըստ Աստծո Կամքի են արքայությունը քարոզում, ապա ծնողների հոգիներն եւս, կամա-ակամա, մասնակից են դառնում այդ քարոզությանը, այդպես ապաշխարություն, փրկություն եւ մխիթարություն գտնելով՝ մահից այն կողմում էլ, որից բարձր բան եւ ո՛չ մի թանկարժեք թաղումով երիտասարդը չէր կարող իր մահացած հոր համար անել: Եվ այդ ու այլ բազմաթիվ իմաստուն ու կատարյալ օգուտներից բացի, նախեւառաջ, հավիտենական կյանքն էլ պիտի երիտասարդը ժառանգեր:

Սա արդեն Աստծո պարգեւ է Քրիստոսին լսողներին, եւ այդ պարգեւը ո՛չ մի բանով հնարավոր չէ ունենալ կամ «գնել», եթե ոչ միայն Աստծո ուղիղ Խոսքին հետեւորդելով, Աստծո Կամքի գերակայով:

Նույն բանը Հիսուս ուսուցանում է առավել կատարյալ լինելու հետեւյալ խրատով. «Ով իր հորը եւ կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ: Եվ ով իր խաչը չի վերցնում ու իմ հետեւից չի գալիս, ինձ արժանի չէ» (Մատթեոս 10:34-42):

Հիսուս Հոր Կամքը գործելով՝ մեզ սովորեցնում էր նո՛ւյնն անել, նմանվել Իրեն՝ Հոր Կամքի կատարելը ամեն բանից գերակա դասելով:

Այսինքն, առաջին պատվիրանը բնականորեն Աստծո Կամքն է, որ ամենաօգտակարն ու անփոխարինելին է մեզ համար, երկրորդը՝ մերձավորի, եղբոր ու ընկերոջ սերը: Այդ է մեզ ուսուցանում Հիսուս: ԵՍ ՆԱԽ ՀՈՐ ԿԱՄՔՆ ԵՄ ԿԱՏԱՐՈՒՄ, ԴՈՒՔ ԵՒՍ ՆՈ՛ՒՅՆՆ ԱՐԵՔ- ասում է նա: Եվ այս ուսուցումը, որ տալիս է, թանկ ու պայծառ իմաստություն է, որ քրիստոնյաներս ենք ժառանգում:

Ուստի, երբ բոլոր կանանցից ամենաօրհնյալ կնոջ՝ Իր մորը եւ Իր եղբայրներին Տերը երկրորդված է տեսնում այդ պահին Աստծո Կամքը կատարողների համեմատ, ապա ո՞ւր կմնանք մենք, եթե Աստծո Կամքը գերակա չտեսնենք ամեն բանից: Երբ ամեն վայրկյան չէ, որ Աստծո կամքի կատարման մեջ ենք: Ցավոք, այդ պահին Նրան լսողների մեծ մասը նույնպես՝ քարոզից հետո: Սակայն Քրիստոսի «Ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր, եւ քո՛ւյր, եւ մա՛յր» խոսքով Աստծո Կամքի Եկեղեցի՛ն է հաստատվում որպես Հոգեւոր ընտանիք, որպես Երկնայի՛ն մայրություն, եւ որպես Երկնայի՛ն եղբայրություն: Այսինքն, Տերը ո՛չ թե արհամարհեց բոլոր կանանցից գերազանց Իր մորն ու ընտիր եղբայրներին, ինչպես աղանդներում են Խոսք չհասկանալով բամբասում, այլ արժեքավորեց այդ պահի իրավիճակը, եւ հաստատեց Աստծո՛ գերակա Կամքն ու Աստծո՛ Եկեղեցին, որին սպասավորելու էին կոչված թե՛ Իր գերազանց մայրը, որպես Աստծո կամքի մեջ բարեխոս միջնորդ, եւ թե՛ Իր ընտիր եղբայրները, որպես Աստծո գերակա կամքին՝ սպասավոր- ծառաներ, որ հետո դարձան:

Այս բարձրավեհ ճշմարտությունները ցավոք, ոմանք շուռ են տալիս, որպես թե ծնողներին, մերձավորներին արհամարհել, անարգել է խրատում Հիսուս՝ առաջ բերելով առաքելական այն հանդիմանանքը, թե «Երբ եղբորդ, որին տեսնում ես, չես սիրում, ապա եւ վստահելի չէ, թե սիրում ես Աստծուն, որին չես տեսնում»: Կամ Քրիստոսի հանդիմանանքը ծնողներին արհամարհողների մասին. «Իսկ դուք ինչո՞ւ զանց եք անում Աստծու պատվիրանը՝ ձեր ավանդության պատճառով. քանի որ Աստված ասաց. «Մեծարի՛ր քո հորը եւ մորը. եւ ով վատաբանում է հորը կամ մորը, մահվա՛մբ պիտի պատժվի»: Իսկ դուք ձեր հոր կամ մոր համար ասում եք. այն, ինչ ինձնից օգտվելու ես, Աստծուն ընծա է. ուրեմն՝ Աստծու խոսքը արհամարհում եք ձեր ավանդության պատճառով: Կեղծավորնե՛ր, Եսային լավ է մարգարեացել ձեր վրա եւ ասել. Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած- բաժանված է ինձնից. զո՛ւր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատվիրված վարդապետություններ են ուսուցանում» (Մատթ. 15:39):

Որովհետեւ մարդիկ կան, ովքեր Տիրոջ խոսքը չարաշահությամբ են ներկայացնում՝ իրենց ծնողներին ու եղբայր հավատակիցներին զրկելու նպատակով. որպես թե հանուն Աստծո կամքի ընծա է այն, ինչ պիտի տային նրանց, եւ... չեն հարգում-խնամում իրենց ծնողներին կամ ունեւոր լինելով՝ չեն օգնում հավատակից աղքատ եղբայրներին: Բամբասելով, իբրեւ թե Հիսուս է պատվիրել, երբ, ցավոք, իրենք է, որ Ավետարանը հասկանալով չեն կարդում եւ կամ դիտմամբ են շեղում՝ ճշմարտությունից դուրս մնալով, խաբվելով ու այլոց էլ խաբելով, որպեսզի իրենք իրենց նյութապաշտ մոլորումը շարունակ փայփայեն ու սվաղեն Աստծո անվամբ: Դրանք աղվեսներ եւ գայլեր են, բարեկամնե՛ր, որովհետեւ ագահությունից կորցրել են իրենց ամոթը:

Այս վկայություններից հետո, եկեք կրկնենք Տերունի խոսքը թե. «Ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր, եւ քո՛ւյր, եւ մա՛յր»: Եվ որ այս պատվերով՝ Աստծո Եկեղեցին է հաստատվում որպես Հոգեւոր ընտանիք: Եվ սա ուսուցում էր, որ մերձավորի սիրուց էլ կարեւոր ու առաջնային է Աստծո եկեղեցին: Եթե ոչ, ապա կանանց մեջ չի եղել եւ անկարելի էլ է, որ լինի Աստծո Կամքի գերական խոնարհորեն հանձն առած որեւէ այլ մեկ կին, քան Տիրամայրն է, որ Ավետաբեր հրեշտակին այսպես պատասխանեց. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»:

Ամե՞նքս այդ խոնարհությունը ունենք: Քննե՛նք մենք մեզ:

«Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը»

«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, 27 մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: 28 Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»: 29 Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց եւ մտքում խորհում էր, թե ինչ բան էր այս ողջույնը: 30 Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: 31 Եվ ահա՛ դու կհղիանաս եւ կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: 32 Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի: Եվ Տեր Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, եւ նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, 33 ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: 34 Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: 35 Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քո վրա, եւ Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է եւ Աստծու որդի կկոչվի: 36 Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս հղի է իր ծերության մեջ, եւ այս՝ հղիության վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչված. 37 որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկա»: 38 Եվ Մարիամն ասաց. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ հրեշտակը հեռացավ նրանից»

(Ավետարան ըստ Ղուկասի, 1:26-38):

Ահա անձնուրաց խոնարհություն Աստծո Կամքի առաջ, որի արդյունքը գերազանց եղավ ողջ Տիեզերքի համար, որովհետեւ այս խոնարհությամբ Հիսո՛ւս ծնվեց մեզ համար, մարդկության Փրկիչը: Օրհնյա՜լ է Աստված:

(շարունակելի)

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1943

Մեկնաբանություններ